Զուգահեռ ձերբակալություն. բացվում են արյունոտ փակագծերը


Lragir.am-ը գրել է․

Մարտի 1-ի զոհերից մեկի սպանության գործով կասկածյալի ձերբակալությունը վկայում է, որ Հատուկ քննչական ծառայությունը հետևողական աշխատում է այդ ուղղությամբ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

Հայտնի է, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականին ներքին զորքերի շտաբի պետի Գեղամ Պետրոսյանը․․․

Նրան կասկածում են Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար՝ հրազենի գործադրմամբ: Ըստ դեռեւս նախորդ իշխանության շրջանում կատարված քննության, Զաքար Հովհաննիսյանը սպանվել է ատրճանակով, որովհետև նրա որովայնից դուրս է բերվել 9մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտ․․․

Ձերբակալության մասին տեղեկությունից հետո համացանցում շրջանառվել է տեսանյութ, որը Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբում Գեղամ Պետրոսյանի հարցաքննության մասին է․․․

Այդ հարցաքննությանը Պետրոսյանը բավականին նյարդային է և պնդում է միայն այն, որ ամեն ինչ եղել է օրենքով․․․

Արդյոք նա որեւէ նոր բան կպնդի նոր կարգավիճակում, ձերբակալությունից հետո․․․

Փաստահավաք խումբը Մարտի 1-ից հետո ստեղծվել էր Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ․․․

Այդ խմբում ընդդիմության ներկայացուցիչներից մեկը Անդրանիկ Քոչարյանն էր: Նա այժմ խորհրդարանում կառավարող մեծամասնության պատգամավոր է՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ․․․

Քոչարյանը նաև օրերս ստեղծված ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նախագահն է․․․

Հանձնաժողովը աշխատանքը սկսեց նախօրեին, անցկացնելով առաջին նիստն ու որոշելով, թե ինչ ժամանակացույցով է գնալու առաջ․․․

Հատկանշական է, որ Մարտի 1-ի գործում լրջագույն անակնկալի՝ սպանություններից մեկի համար կոնկրետ ձերբակալված կասկածյալի մասին տեղեկությունը համընկավ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մեկնարկի հետ․․․

Հայաստանը փաստացի իրականացնում է զուգահեռ երկու առանցքային քննություն՝ Մարտի 1 և ապրիլյան պատերազմի հանգամանքներ․․․

Մեկը իրականացվում է բացառապես քրեա-իրավական մեխանիզմով, մյուսը՝ քաղաքական կառույցի գործիքակազմով․․․

Երկու գործն էլ միաժամանակ ունեն ահռելի քաղաքական համատեքստ, կամ այլ կերպ ասած՝ դրանք «արյունով» պարփակել են Հայաստանի պետականության կարևորագույն տասնամյակը, այն փաստացի պետականության վերջին տասնամյակ դարձնելու սպառնալիքով․․․

Մարտի 1-ը իր քաղաքական մեծ շերտավորումով փաստացի դարձել էր Հայաստանում քաղաքական, սոցիալ-հոգեբանական քայքայում «երաշխավորող» գործընթաց,

որը թեկուզ անուղղակի, սակայն բավականին շոշափելի պատճառահետևանքային կապով հանգեցրեց քաղաքական դիմադրունակության համակարգի այնպիսի քայքայման, որ հնարավոր դարձրեց Հայաստանի դեմ ապրիլյան պատերազմի հանդգնությունը․․․

Դրանով պլանավորված հայկական պետականության սուբյեկտային ոչնչացումը անհնար դարձրեց հայկական բանակն ու հանրության կամավորական ջանքը․․․

Այդ իմաստով, Մարտի 1-ի գործի քննությունն ու ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը հայկական պետական ինքնիշխանության եւ դիմադրունակության վերականգնման երկու կարեւոր զուգահեռ են, հնարավոր է փոխլրացնող անմիջականությամբ կամ անուղղակի փոխլրացումով․․․

Այստեղ չափազանց կարեւոր է, որպեսզի երկու գործընթացն էլ զերծ լինեն ներքին հաշվեհարդարի տրամաբանությունից, որքան էլ այդ կապակցությամբ զգան հանրային որոշակի խմբերի տրամադրություն-պահանջ․․․

Որովհետեւ հիմնարար խնդիրը Հայաստանի, հայկական պետականության դեմ հաշվեհարդարի հնարավորությունը պարզելն է, կամ բացառելը, այդպիսով էլ հաղթահարելով քայքայիչ բարդույթներ ու անցնելով առաջ․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *